ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Եթե քուչի հարցեր եք տալու, կարող եմ պատասխանել քուչում»

«Եթե քուչի հարցեր եք տալու, կարող եմ պատասխանել քուչում»
16.01.2009 | 00:00

Երեկ «Իրավունք de facto» ակումբում, ինչպես ասում են, ասեղ գցելու տեղ չկար: Ինչպես երևում է, հայրենի լրատվամիջոցները խիստ էին հետաքրքրված, թե ներքին ու արտաքին քաղաքական ինչպիսի խմորումներ է կանխատեսում ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ, ով լրագրողական ու քաղաքական շրջանակներում հայտնի է որպես բաց ենթատեքստով «գուշակություններ» անող հրապարակային գործիչ:
Ներկայացնում ենք ասուլիսի հիմնական «մեխերը»` հարցուպատասխանի տեսքով:

-ՀՀԿ-ի տարբեր ներկայացուցիչների դիրքորոշումները` կապված ԵԽԽՎ-ի առաջիկա նիստի և առհասարակ մարտյան դեպքերի հետ, տարբեր են: Ոմանք ասում են, որ Հայաստանը, ձայնի իրավունքից զրկվելով, առանձնապես ոչինչ չի կորցնի, ուրիշներն էլ ասում են, որ դա անպայման պետք է կանխել («Ազատություն» ռ/կ, Տիգրան Ավետիսյան):
-Մեր ներկայացուցիչներից որևէ մեկը չի ասել, որ ձայնի իրավունքից զրկվելով, ոչինչ չենք կորցնի։ Իհարկե, մեզ համար շատ ցանկալի է, որ Եվրախորհուրդը պատժամիջոցներ չկիրառի մեր պետության նկատմամբ: Բայց նույնիսկ հակառակ դեպքում էլ մենք չենք ընկճվելու, քանի որ ունենք կազմակերպված ծրագրեր, որոնք հընթացս կարողանում ենք կյանքի կոչել: Ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ին, ես ավելի բարձր կարծիք ունեմ վեհաժողովի մասին, սակայն կարծում եմ, որ Եվրախորհրդի ընդհանուր սցենարները վերանայման, քննարկման, նորացման կարիք ունեն: Մեզ համար երբեք ընդունելի չի կարող լինել, որ 15 հոգով կարող են նստել և 10-ը մարդու ձայնով մի մեծ պետության խնդիրներին գնահատականներ տալ: Սակայն տեսակետ հայտնել, որ Եվրախորհուրդը և այլ եվրոպական կառույցներ մեր նկատմամբ վատ դիրքորոշում ունեն, և դա մեզ բնավ չի հետաքրքրում, ընդամենը կեղծ մոտեցում է: Մենք ամեն ինչ անում ենք` միջազգային կառույցներում մեր տեղն ու դիրքերն ամրապնդելու համար:
-Իշխանությունները ոչինչ չեն անում ԵԽԽՎ-ի բանաձևերի գոնե հիմնական պահանջների կատարելու ուղղությամբ, մյուս կողմից չեն ուզում զրկվել ձայնի իրավունքից («Հայք» օրաթերթ, Արման Գալոյան):
-Այնքան ենք խոսել այդ մասին, որ ինձ թվում է` լրագրողներն են արդեն մոռացել բանաձևերի տեքստերը: Հիշյալ բանաձևերի հիմնական պահանջները կատարված են: Նույնիսկ այդքան փորձությունների ժամանակահատվածում մեր պետությունը կարողացավ կայուն ձևով և՛ տնտեսություն զարգացնել, և՛ քաղաքական դաշտը կայունացնել: Մենք ինքնիշխան պետություն ենք և պարտավոր ենք պետության ներքին խնդիրները ինքներս լուծել:
-Արդյոք ճի՞շտ են շրջանառվող լուրերը, թե ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և Կենտրոն համայնքի ղեկավար Գագիկ Բեգլարյանի հետ ցանկություն ունեք մասնակցելու ԱՄՆ-ի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը («Չորրորդ իշխանություն», Գագիկ Շամշյան):
-Դրանք քուչի խոսակցություններ են: Ես այն պատգամավորներից եմ, որ իմ գործուղումների 0,2 տասներորդական տոկոսն եմ օգտագործել վերջին տարիներին: Որևիցե շահագրգռվածություն չունեմ որևէ երկիր գնալու, որևէ միջոցառման մասնակցելու:
-Եթե «Ժառանգություն» խմբակցությունը վայր դնի մանդատները, Էդիկ Շարմազանովի բնորոշմամբ` կարելի՞ է դա որակել քաղաքական պոպուլիզմ, դեմագոգիա («ԱԼՄ», Հրաչ Մկրտչյան):
-Կարելի է գնահատականներ տալ նույնիսկ այդ կտրվածքով, բայց պիտի փորձենք համբերել, առավել ևս, դա իրենց կուսակցության գործն է: Համենայն դեպս, երբ քաղաքական ուժն իր գործիքները վայր է դնում, նա անպայմանորեն կորցնում է: Չէ՞ որ դրանք գործիքներ են, որոնք ժողովուրդն է տրամադրել, որպեսզի կարողանաս պայքարել ու աշխատել: Պայքարից դուրս գալ` ամենազորեղ գործիքները թողնելով ու նորերը որոնելով, քաղաքական հեքիաթ է:
-Որպես ՀՀԿ փոխնախագահ, խնդրում եմ հստակ պատասխանեք` ՀՀԿ-ն կարո՞ղ է հայտարարել, որ ցանկացած պարագայում, ցանկացած կարգավիճակով դեմ է լինելու Ղարաբաղի` Ադրբեջանի մաս կազմելուն («Մարդիկ» լրատվական-վերլուծական կենտրոն):
-Չնայած երկրի նախագահն առավել ընդգծված խոսել է այս թեմայի շուրջ, սակայն ևս մեկ անգամ վստահորեն հավաստիացնում եմ, որ որևէ դեպքում Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չի լինելու։ Այդպիսի բան ուղղակի լինել չի կարող:
-Վերջերս դատավարություններից մեկի ժամանակ Հակոբ Հակոբյանը կոչով դիմեց 50-60 պատգամավորների, որպեսզի գան ու հետևեն դատավարությանը` նրանց անվանելով անգամ «քաղաքական մարմնավաճառներ»: Շարմազանովն էլ հայտարարեց, որ քաղաքական մարմնավաճառներ ասելով իրենք հասկանում են ճամբար փոխողներին, իսկ Ռաֆիկ Պետրոսյանը սրտնեղած պնդեց, որ կան քաղաքական մարմնավաճառներ, սակայն ոչ թե 50-60-ն են, այլ 90-ը: Ըստ Ձեզ` ի վերջո, մենք ԱԺ-ում ունե՞նք քաղաքական մարմնավաճառներ («ՉԻ», Գ. Շ.):
-Նախ ասեմ, որ Հակոբ Հակոբյանը «քաղաքական» բառը չէր կարող օգտագործել: Առավել ևս, ես հակված եմ ավելի բարեկիրթ հարցադրումների պատասխանել և կարծում եմ, որ ամբողջ դաշտը եթե ամիսներ շարունակ գոռում է, թե քաղաքական հետևանքների համար է կոնկրետ 7-ի գործը, ապա քաղաքականները երբեք չեն հայհոյում դատի ժամանակ, նրանց վարքագիծը լրիվ ուրիշ է: Երկրորդ. ես կարծում եմ, բոլորդ էլ համոզված եք, և՛ հումորս, և՛ սարկազմս շատ լավ վիճակում են գտնվում: Կարող եմ այնպես անել, որ սոխակն ագռավ դառնա և հակառակը: Ձեր հարցն էդտեղ որոնեք:
-Այդուհանդերձ, ԱԺ-ում կա՞ն սոխակներ ու ագռավներ («ՉԻ»):
-ԱԺ-ում երբեմն-երբեմն, նիստերի ժամանակ, բավականին և՛ սոխակներ են գալիս, և՛ ագռավներ, ի դեմս լրատվության ներկայացուցիչների: Մենք այսօր դաշտում ունենք մեկ տասնյակ լրագրողներ, իսկ մնացածն ունեն միայն գրագիտություն, զուրկ են կենսափորձից և կարող են խոսքդ աղավաղել ու մամուլի օրենք խախտել: ՈՒստի խնդրում եմ, ինձ բարեկրթության սահմաններում հարցեր տվեք, իսկ եթե քուչի հարցեր եք տալու, ապա կարող եմ պատասխանել քուչում:
-Դուք մեղադրում եք լրագրողներին ու լրատվությանը, մինչդեռ քաղաքական գործիչներն իրենք են իրենց թույլ տալիս անցնել ցենզուրան և լինել ոչ կոռեկտ («Իրավունքը de facto» ):
-Ես ոչ թե մեղադրում եմ լրագրողներին, այլ երևույթն եմ ներկայացնում, այսինքն` անպատվում եմ ոչ թե լրագրողներին` չիմացության համար, այլ ինձ ու մեզ բոլորիս, որ շփման այսպիսի դաշտ ենք ստեղծում:
-Ինչպե՞ս եք վերաբերվում շրջանառվող լուրերին, թե ՄԻԱԿ-ը լուծարվելու և միանալու է ՀՀԿ- ին, ինչը նպատակ ունի մի կողմից` երիտասարդացնել կուսակցությունը, մյուս կողմից էլ` թուլացնել «հին գվարդիայի» դիրքերը («Իրավունքը de facto»):
-ՀՀԿ-ի անդամներից մոտավորապես 25 հազարը մինչև 30 տարեկան են, ունենք նաև միջին տարիքի կուսակիցներ, և երիտասարդացնել` բնավ չի նշանակում նոր ծառ տնկել: Համենայն դեպս, եթե նման քննարկումներ լինեին, ես տեղյակ կլինեի դրանցից:
Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 3387

Մեկնաբանություններ